Իրանի զինված ուժերը կօգտագործեն իրենց բոլոր հնարավորությունները ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին պատասխանելու համար՝ ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ: «Իրանի ժողովրդի պատասխանը կլինի վճռական և որոշիչ՝ ստիպելով օրինախախտներին զղջալ իրենց հանցավոր գործողությունների համար»,- ընդգծել է Իրանի արտաքին հարաբերությունների գերատեսչությունը:               
 

«Խաղաղության դարաշրջանի» ոչ մի ակնարկ, ոչ մի աղերս, միայն պայքարի և մինչև վերջ գնալու կամք

«Խաղաղության դարաշրջանի» ոչ մի ակնարկ, ոչ մի աղերս, միայն պայքարի և մինչև վերջ գնալու կամք
28.02.2026 | 21:50

Ողջ օրը հետևում եմ Իրան-Իսրայել հակամարտությանը։ Որպես պատերազմ տեսած երկրի քաղաքացի՝ սրտի ցավով եմ նայում կադրերին, բայց միտքս այլ տեղ է։ Հետևում եմ երկու երկրների ռազմական ղեկավարների խոսույթին:

Այնտեղ չկա զոհի կարգավիճակ, չկան արդարացումներ։ Ի տարբերություն մեզ՝ նրանք չեն հորդորում ժողովրդին տանից զրահաբաչկոն ու սաղավարտ հանել, չեն բողոքում «80-ականների զենքից» կամ դաշնակիցներից, չեն նկարահանում ու բացահայտում զինվորական օբյեկտները հանուն «լայքերի» կամ PR-ի, խստագույնս վերահսկում են ցանկացած տեղեկատվական արտահոսք։

Այնտեղ խոսում են ուժի, դիմադրության և սեփական բազկին ապավինելու մասին։ Նրանք ժողովրդին չեն վախեցնում պատերազմով, այլ պատրաստում են հաղթանակի՝ հիշեցնելով, որ ապրելու իրավունքը նվեր չեն ստանում, այն պարտադրում են ուժով։

Այս մի քանի ժամվա ընթացքում ոչ մի «խաղաղության դարաշրջանի» ակնարկ, ոչ մի աղերս։ Միայն պայքարի և մինչև վերջ գնալու կամք։

Դասը պարզ է. երբ պատերազմը դռանդ շեմին է, գոյությանդ միակ երաշխիքը ոչ թե խաղաղության մասին վախվորած կոչերն են, այլ սեփական ուժի հանդեպ անդրդվելի հավատն է։

Տեսնես մի օր մենք կհասկանա՞նք, որ չկա խաղաղություն առանց ուժի։ Որ կա միայն իրատեսություն, կամք և կրկին չցեղասպանվելու բնազդ։

Օտարին հղում անելով չեմ ուզում մոռանանք, որ Հայկ Նահապետը` իսկական հայ տեսակի, արժանապատվության և ինքնիշխանության խորհրդանիշը, նույնպես չսպասեց հրաշքի, նա օրհասական պահին վերցրեց իր աղեղը, կազմակերպեց իր տունն ու զավակներին և զենքով նվաճեց իր ազատ ապրելու իրավունքը` լարելով իր երեքթևյան նետը և խրելով այն Բելի կրծքի մեջ: Եվ սա պարզապես կրակոց չէր, սա հայ տեսակի հարատևության կնիքն էր երկրագնդի վրա:

Արթուր Դավթյան

Դիտվել է՝ 329

Մեկնաբանություններ